Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ այսուհետ կարելի է ծանրոցներ ուղարկել նաեւ առցանց պատվերի միջոցով: Այս մասին համապատասխան որոշումը կառավարությունը կայացրել է այսօր՝ հոկտեմբերի 22-ին կայացած նիստում:

 Որոշումը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ կալանավորներին ու դատապարտյալներին ծանրոցներ տանում են հիմնականում նրանց հարազատները, ինչը միանգամից մի քանի խնդիրներ է առաջացնում։

«Նախ դժվարություն է ստեղծում հարազատի համար, երկրորդ՝ ՔԿՀ-ներում արգելված որոշ առարկաների ներմուծման հնարավորություն է տալիս, ինչը բացառելու համար տարվում է երկար ստուգում, երրորդ` առկա է ՔԿՀ-ի ծառայողի և դատապարտյալի հարազատի շփման միջոցով կոռուպցիոն ռիսկերի առաջացում։ Այժմ մենք նախագծով առաջարկում ենք, որ այդ ամենը կատարվի էլեկտրոնային եղանակով, պատվեր ուղարկելու միջոցով»,-ասել է նա՝ հավելելով, որ պատվերի ենթակա ապրանքները կսահմանափակվեն ՀՀ օրենսդրությամբ:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով, պատվերը կարելի է ձեւակերպել նախարարության քրեակատարողական վարչության կայքից՝ ներբեռնելով անհրաժեշտ տվյալները:

«Դատապարտյալը կամ կալանավորը գրավոր ստորագրությամբ կհաստատի, որ նման պատվերի անհրաժեշտություն կա ու այն կհասնի դատապարտյալին կամ կալանավորին»,-ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ այս դեպքում կարելի կլինի խուսափել արգելված առարկաների ՔԿՀ մտցնելու հնարավորությունից, նաեւ կոռուպցիոն ռիսկերից: