Հայաստանում ներդրված երկսակագնային հաշվիչները մի քանի րոպեից սկսած մինչեւ մի քանի ժամանոց խախտումներով են աշխատում: Այդ մասին հոկտեմբերի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Նրա խոսքով, իրեն են դիմել Հայաստանի քաղաքացիներ, որոնք տեղեկացրել են արձանագրված խախտումների մասին: «Խախտումները զանգվածային բնույթ են կրում: Այդ հաշվիչները պատկանում են «Հայաստանի էլեկտրական ցանցերին»: Խախտումները բացահայտելու նպատակով ես դիմել եմ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին», - նշել է Չիլինգարյանը՝ պարզաբանելով, որ երկսակագնային հաշվիչների վրա էներգախնայողական ռեժիմը ուշացումով է միանում: «Կարծելով, թե գիշերային սակագնով է վճարելու, սպառողը սկսում է իր գործերը պլանավորել գիշերային ժամերին, իսկ իրականում նրան խաբում են», - ընդգծել է Կարեն Չիլինգարյանը: «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահը քաղաքացիներին կոչ է արել զգոն ուշադրությամբ հետեւել հաշվիչներին եւ խախտումներ նկատելու դեպքում դիմել ՀԷՑ-ին:





























