Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկաներից մեկի սպանությունը պատվիրելու եւ կազմակերպելու համար ազատազրկված, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Արթուր Այվազյանը (Մանախ) հնարավոր է՝ առաջիկայում պայմանական վաղաժամկետ ազատ արձակվի:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Այվազյանի փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ իրենք նման միջնորդություն են ներկայացրել:
«Այս պահին ոչինչ կանխատեսել չեմ կարող, նրա պատժի կրման ժամկետը լրանում է փետրվարին, սակայն հույս ունենք, որ մինչեւ այդ նա պայմանական վաղաժամկետ ազատ կարձակվի»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ «Մանախն» այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»: Ալումյանի խոսքով՝ նա առաջիկայում վիրահատվելու է:
Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանը պարբերաբար հացադուլ է հայտարարում՝ պահանջելով Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովից կատարել Վերաքննիչ դատարանի որոշումն այն մասին, որ դատապարտյալի ռեժիմի փոփոխության մերժումը պետք է լինի պատճառաբանված:





























