Համոզված եմ, որ Ժոզեֆ Դոլի ղեկավարությամբ ԵԺԿ-ն՝ որպես Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժը, կշարունակի իրականացնել իր առաքելությունը եւ արդարացնել եվրոպացի ընտրողների սպասելիքներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին Մադրիդում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWES.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է Ժոզեֆ Դոլին` ԵԺԿ համագումարում հոկտեմբերի 21–ին կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ`
Զրուցակիցները քննարկել են ԵԺԿ հետ հետագա համագործակցության զարգացմանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարին, ՀՀԿ-ԵԺԿ միջկուսակցական կապերի ամրապնդմանը, միջազգային հարթակներում ԵԺԿ գործընկերների հետ Հայաստանի փոխգործակցությանը, ինչպես նաեւ ընդհանուր խնդիրներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր, որոնց անդրադարձ կլինի նաեւ այսօրվա ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովում:
ՀՀ Նախագահը եւ ԵԺԿ Նախագահն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին եւ առկա խնդիրներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի եւ փախստականների ճգնաժամի մասին:
Հանրապետության նախագահը Ժոզեֆ Դոլին ներկայացրել է նաեւ ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների անցկացման գործընթացը եւ մայր օրենքում նախատեսվող փոփոխությունների անցկացման կարեւորությունը մեր երկրի համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե ջերմությամբ է հիշում ս.թ. ապրիլին պարոն Դոլի այցը Հայաստան եւ մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի հիշատակի ու ոգեկոչման միջոցառումներին, որով ԵԺԿ Նախագահը, Հանրապետության Նախագահի համոզմամբ, վերահաստատեց իր եւ իր գլխավորած կուսակցության հավատարմությունը եվրոպական ինտեգրացիայի հիմքում դրված համամարդկային արժեքներին: Ընդգծելով ԵԺԿ քաղաքական համաժողովի «Հայոց ցեղասպանությունը եւ եվրոպական արժեքները» բանաձեւի կարեւորությունը` Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել կուսակցության նախագահին եւ ԵԽԽՎ-ում ԵԺԿ այն անդամներին, ովքեր միացել են այդ հայտարարությանը:
ՀՀ Նախագահն այսօր Մադրիդում կմասնակցի նաեւ ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին:






























