Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ հոկտեմբերի 22-ին մերժել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքն ընդդեմ Երեւանի դատախազի որոշման, որով վերացվել էր իր եւ փաստաբան Նազելի Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործը կարճելու մասին քննիչի որոշումը:

NEWS.am-ի հետ զրույցում Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ դատարանը բողոքը մերժել է՝ պատճառաբանելով, որ այն անհիմն է, եւ իրավասու չէ այժմ քննել բողոքը, դրան կանդրադառնա գործի քննության ընթացքում:

«Մենք ներկայացրել ենք դեպքեր, երբ առաջին ատյանը անդրադարձել է նմանօրինակ բողոքներին եւ որոշում կայացրել: Փաստորեն մեր դատական համակարգը միատեսակ չի վերաբերվում բողոքներին՝ մեկ գործով մի որոշում է կայացնում, մյուսով ընդհանրապես՝ այլ»,-նշեց փաստաբանը:

Նիկոլայ Բաղդասարյանն առաջին ատյանի որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարանում: 

Նշենք, որ Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 144-րդ հոդվածով (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը): Նա եւ Նազելի Վարդանյանը երկու տարի առաջ դատարանում հրապարակել էին մի փաստաթուղթ, ըստ որի իրենց վստահորդի մեղադրանքի հիմքում դրված է եղել հոգեկան հիվանդություն ունեցող վկայի ցուցմունք: Փաստաբանները անձնական միջոցներով չէին կարողացել գտնել այդ ապացույցը, միջնորդել էին դատարանին, որն ապացույցը պահանջել էր համապատասխան մարմնից, ներկայացրել է իրենց: Դատարանն ապացույցը տրամադրելիս ուղեկցական գրություն չէր գրել, ինչն էլ պատճառ էր դարձել, որ քննչական մարմիինն այն համարի անօրինական ձեռք բերված ապացույց եւ քրեական գործ հարուցի այդ փաստով: