Հանրապետության նախագահի հանձնարարությամբ, էներգետիկայի նախարարությունը «Վանաձոր-Քիմպրոմի» բաժնետերերի հետ համատեղ սկսել է միջոցներ ձեռնարկել ձեռնարկության աշխատողների աշխատավարձերի կուտակված պարտքերը մարելու ուղղությամբ։

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից հայտնում են, որ ընկերությունը հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատավարձերի գծով ունի չվճարված 10 ամսվա պարտք, որը կազմում է ընդհանուր առմամբ 337,1 մլն դրամ։  

Աշխատավարձի երկու ամսվա պարտքի մարման ֆինանսական խնդիրը լուծված է եւ վճարումները կատարված են։ Դա հնարավոր է դարձել ձեռնարկության մնացորդային ապրանքային միջոցների վաճառքից գոյացած գումարների հաշվին։

Աշխատավարձի մնացած պարտքը կմարվի մինչեւ դեկտեմբերի 15-ը։

Այդ ընթացքում կիրականացվեն համապատասխան ուսումնասիրություններ «Վանաձոր-Քիմպրոմի» վերաբերյալ եւ կնախապատրաստվեն առաջարկություններ՝ կառավարություն ներկայացնելու նպատակով։