Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանին առ այսօր ոչ ոք չի տեղեկացրել, որ իրեն հետ են կանչել միջազգային պատվիրակությունների կազմից:

«Խմբակցությունում ոչ մեկի հետ այդ մասին չեմ խոսել, իրենց որոշման մասին էլ իմացել եմ մամուլից, ինձ ոչ ոք չի տեղեկացրել այդ մասին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստեփան Մարգարյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է խմբակցության կազմում ինքը մասնակցի «այո»-ի քարոզարշավին, Ստեփան Մարգարյանն արձագանքեց. «Ես իմ կարծիքն արդեն հայտնել եմ Սահմանադրական փոփոխությունների մասին, ես որեւէ քարոզարշավի չեմ մասնակցելու»:

Նշենք, որ թեեւ ԲՀԿ խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագծին, հոկտեմբերի 5-ին այսպես կոչված քոչարյանական թեւը ներկա չէր, այդ թվում Ստեփան Մարգարյանը: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնել էր, որ ինքը Սահմանադրական փոփոխություններին դեմ լինելն արտահայտել է՝ հոկտեմբերի 5-ին կայացած քվեարկությանը չմասնակցելով: 

Ընդամենը երկու օր անց ԲՀԿ խմբակցությունը որոշում է կայացրել միջազգային պատվիրակություններից հետ կանչել Էլինար Վարդանյանին եւ Ստեփան Մարգարյանին։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը երկու օր շարունակ զանգահարել է Էլինար Վարդանյանին եւ Ստեփան Մարգարյանին, սակայն նրանք չեն պատասխանել: Զոհրաբյանը պնդել է, որ այդ որոշումը որեւէ կապ չունի այդ պատգամավորների՝ Սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը ներկա չլինելու հետ: