Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նախագծում բազմաթիվ առաջադիմական քայլեր կան, սակայն Սահմանադրության արդյունավետ գործունեությունը կախված է դրա անմիջական կիրարկումից։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, «Մարդու իրավունքները Սահմանադրության նոր նախագծում» քննարկման ժամանակ նշել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեն: Նշենք, որ քննարկումը կազմակերպել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Ժոզեֆ Սիգելեի խոսքով, նոր Սահմանադրության մեջ բազմաթիվ դրույթներ են ամրագրվել ի օգուտ մարդու իրավունքների պաշտպանության, մասնավորապես, վերացվել է դատապարտյալների ընտրելու իրավունքի սահմանափակումը, ինչը դրական է:

Այդուհանդերձ, նա կարծիք է հայտնել, որ սահմանդրական փոփոխությունների նախագծում որոշ հոդվածներ խտրական սահմանափակումներ են պարունակում, որոնք կարող են սահմանափակել քաղաքացիական խմբերի գործունեությունը: Սիգելեն հուսյ է հայտնել, որ այս հարցի լուծմանն ուղղված քայլեր կարվեն:

Նա կոչ է արել սահմանադրական փոփոխությունների ընդունունից հետո պայքարել, որ այն պատշաճ ձեւով կիրառվի:

Նա անդրադարձել է նաեւ օմբուդսմենի գործունեությանը՝ նշելով, որ պետությունը պետք է որոշակիորեն ֆինանսավորի օմբուդսմենին: Դա, ըստ նրա, կարեւոր է, օմբուդսմենի ֆինանսական անկախությունն ապահովելու տեսանկյունից: «Կարծում եմ, որ կարիք կա փոփոխելու Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը, որպեսզի իրավունք տրվի զբաղվել անհատական գործերով եւ չանել միայն ընդհանուր վերլուծություններ»,-ընդգծել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի գլխավոր քարտուղարը: