«Թուրքական հոսքի» երկու գծի շինարարության ընթացքում «Գազպրոմը» կարող է    18 միլիարդ ռուբլի թաղած լինել: Այդ մասին գրել է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով իր աղբյուրը: Տեղեկությունը հաստատել է նաեւ  «Գազպրոմի» ներկայացուցիչը:

«Հարավային հոսք» նախագծի փակումից հետո «Գազպրոմը» մտադիր էր իր տրանսպորտային միջոցները վերաուղղորդել դեպի «Թուրքական հոսք» գազատարը, սակայն թուրքական իշխանությունների կողմից պարտավորությունների բացակայությունը հարցականի տակ դրեց գազատարի չորս գծի կառուցումը:  Գազատարի հզորությունը պիտի կազմեր տարեկան 63 միլիարդ խորանարդ մետր:   Ռուսաստանի տարածքով «Թուրքական հոսքի» ցամաքային մասը «Հարավային միջանցք» անվանումն է ստացել. հենց այդ հատվածն է կազմված գազատարի չորս գծից, ընդ որում բաժանված է երկու մասի՝ Արեւմտյան եւ Արեւելյան երթուղիներ:  

Արեւմտյան երթուղին գործնականում կառուցված է, ինչ վերաբերում է Արեւելյանին,  «Գազպրոմը» ամռանը դադարեցրել է դրա շինարարությունը, երբ արդեն հասցրել էր 1625 կիլոմետրանոց երթուղու  240 կիլոմետրը կառուցել:   Այդ հատվածի արժեքը պաշտոնապես չի հայտնվում, սակայն պարբերականի հաշվարկների համաձայն, որը հիմնված է պետական ընկերության կողմից խողովակների ընթացիկ գնումների վրա, ենթադրվում է, թե ծախսվել է 18 միլիարդ ռուբլի, ընդ որում այդ խողովակներն այլեւս հնարավոր չի լինի օգտագործել, նշում է պարբերականի աղբյուրներից մեկը: 

Պետական ընկերության կորուստները դրանով չեն սահմանափակվում. Թուրքիայի հետ պայմանագիր չկա, այսինքն  «Հարավային միջանցքի» շինարարությունը գուցե չարդարացնի իրեն: Պարբերականը նշում է, որ ամենաբացասական սցենարի դեպքում պետական ընկերությունը կարող է  «թաղել» մինչեւ 40 միլիարդ ռուբլի:

«Գազպրոմը» մտադիր է դեռեւս չթաղված խողովակները վերաբաշխել այլ նախագծերի վրա, մասնավորապես՝ «Հյուսիսային հոսք-2» կամ «Ուխտա –Տորժոկ – 2» գազամուղների շինարարության: