ՀԷՑ-ում աուդիտի երկրորդ փուլն արդեն ավարտվել է եւ եզրակացությունը ամենաուշը մյուս շաբաթվա վերջին ՀԾԿՀ կայքում կհրապարակվի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 233-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Նրա խոսքով, երբ աուդիտն ավարտվի, իրենց եւս հետաքրքիր կլինի իմանալ այդ աուդիտի արդյունքները: «Բոլորս կստանանք, կփորձենք վերլուծել աուդիտի աշխատանքների արդյունքում ինչ թերություններ են արձանագրվել, ինչ բացթողումներ կան, եւ այն առաջարկությունները, որ կարվի այդ ընկերության կողմից ՀԷՑ-ի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, բնականաբար, իրենց հետ կդարձնենք համատեղ աշխատանքային ծրագիր»,- նշել է Նազարյանը:
Անդրադառնալով ՀԷՑ-ի նոր սեփականատիրոջը, նա ասել է, որ ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ երբեք չի հանդիպել: «Գիտեմ, որ նրանք հակաճգնաժամային, առողջացման ծրագիր են մշակել, որը դեռեւս ես մանրամասներով չգիտեմ, կհրապարակեն, կիմանանք»:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ պետությունը սուբսիդավորելու է այն բնակիչների էլեկտրաէներգիայի վարձը, որոնք ամսական մինչեւ 250 կվտ հոսանք են օգտագործում, Նազարյանը նշել է, որ վիճակագրական տվյալներով՝ ՀՀ ընտանիքները տարեկան միջինում 190-200 կվտ են ծախսում, սակայն ձմռան ամսիներին միջին խավի ծախսի առանձին հաշվարկ չկա:





























