Գազի նոր հաշվիչները պետք է փոխվեն «Գազպրոմ Արմենիա»-ի հաշվին, մինչեւ 2017 թվականը: Այս մասին, այսօր՝ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նիստում քննարկվում է ՀԾԿՀ 2016 թվականի գործունեության ծրագիրը:

Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի դիտարկմանը, թե գազի հաշվիչներն ի վիճակի չեն ճշգրիտ ներկայացնելու գազի ծավալը եւ դրան փոխելու անհրաժեշտություն կա, Նազարյանն արձագանքել է, որ այդ հաշվիչները մինչեւ 2017թ.  պետք է փոխվեն «ԳազպրոմԱրմենիա»-ի հաշվին:

Ռոբերտ Նազարյանը շտապում էր, ուստի արագ ներկայացրել է ՀԾԿՀ ծրագիրը, պատասխանել հարցերին ու հեռացել:

Նիստը վարել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը, որին ներկա են եղել միայն պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը, Հակոբ Հակոբյանն ու Թեւան Պողոսյանը: