ԵԺԿ խորհրդաժողովի ընթացքում ՕԵԿ Նախագահ Արթուր Բաղդասարյանը կարճատեւ աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, որի ընթացքում պայմանավորվել են ակտիվացնել քաղաքական համագործակցությունը:
ՕԵԿ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ քննարկված եւ ձեռք բերված պայմանավորվածությունները կամբողջացվեն առաջիկայում Արթուր Բաղդասարյանի` Ֆրանսիա նախատեսված այցի ժամանակ:
ՕԵԿ նախագահը հանդիպել է նաեւ Բելգիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Գերմանիայի ԵԺԿ անդամ կուսակցությունների պատվիրակությունների ղեկավարների հետ: Հանդիպումների ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնելու միջկուսակցական համագործակցությունը:
Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԵՄ քաղաքական եւ հետազոտական «Ռոբերտ Շուման» հիմնադրամի նախագահի հետ: Հանդիպման արդյունքով 2016թ. գարնանից Երեւանում կադրերի քաղաքական ուսուցման եւ վերապատրաստման տարածաշրջանային ծրագրի մեկնարկով հիմնադրամի հետ կսկսվի ծրագրավորված համագործակցություն:
ՕԵԿ պատվիրակությունը մասնակցել է նաեւ Եվրոպական հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպված կոնֆերանսին, որը վերաբերում էր ժամանակակից կուսակցությունների զարգացման հիմնահարցերին: Կոնֆերանսին ելույթ են ունեցել կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը եւ արտաքին կապերի պատասխանատու Պողոս Շահինյանը:
ՕԵԿ պատվիրակությունն այսօր վերադարձել է Երեւան:




























