Մեծ է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) առանձնահատուկ դերը բարձրորակ կադրերի՝ միջազգայնագետների եւ դիվանագետների պատրաստման գործում, այդ թվում՝ Հայաստանի համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երեւանում Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Տորկունովը Երեւանում մասնակցում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Վասիլի Նեբենզյան:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրերին, նշելով, որ ուրախ է հյուրընկալել նրանց Հայաստանում անցկացվող հեղինակավոր միջազգային վերոնշյալ ֆորումի շրջանակներում: Սերժ Սարգսյանը նշել է, որ ՄԳԻՄՕ-ի հայ շրջանավարտներից շատերը պետական, հասարակական, գիտական ասպարեզներում հասել են մեծ հաջողությունների:

Սերժ Սարգսյանն ընդգծել է Անատոլի Տորկունովի ծանրակշիռ ներդրումը բուհի լավագույն ավանդույթների պահպանման գործում:

Հանդիպման ժամանակ Նախագահը ՌԴ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (համալսարանի) ռեկտոր, ակադեմիկոս Անատոլի Վասիլիի Տորկունովին պարգեւատրել է ՀՀ բարձր պարգեւով՝ Պատվո շքանշանով՝ հայ-ռուսական բարեկամության ամրապնդման եւ զարգացման, ինչպես նաեւ գիտակրթական կապերի խորացմանն ուղղված գործունեության համար:

Ռեկտոր Անատոլի Տորկունովը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը նման բարձր գնահատականի արժանացնելու, ինչպես նաեւ իր գլխավորած բուհի վերաբերյալ ՀՀ Նախագահի հնչեցրած գնահատականների համար:

ՀՀ Նախագահը եւ ՄՄՀՊԻ ռեկտոր Անատոլի Տորկունովը զրույցի ընթացքում ընդգծել են կրթության եւ գիտության մեծ դերը պետությունների ու դրանց հասարակությունների զարգացման գործում: