ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը օրենքը խախտել է` «այո» ասելով սահմանադրական փոփոխությունների նախագծին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ նշելով, որ սահմանադրական դատարանի նախագահը պարտավոր է լինել գործող Սահմանադրության երաշխավորը եւ գործող Սահմանադրության դեմ որեւէ քայլի դեպքում առաջինը պետք է նա դեմ լինի:
«Գագիկ Հարությունյանը լրիվ հակառակ ծայրից է աշխատում: Նա երկար ժամանակ աշխատել է գործող Սահմանադրությունը փոփոխելու ուղղությամբ: Գագիկ Հարությունյանն իր գործունեության հակառակ գործունեությամբ է զբաղված եղել ամբողջ ընթացքում: Նրա 70-ամյակը լրանում է 2018-ին, երեւի նրան խոստացել են ինչ-որ բաներ»,-ասաց Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեի քարոզարշավը հոկտեմբերի 10-ից սկսվել է:




























