ՀՀ Վերքաննիչ քրեական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, մերժեց դատախազության բողոքը առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, որով գրավի դիմաց ազատ էր արձակվել «Սդղի գյոլի» գործով մեղադրյալ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրայանի վարորդի որդին` Դերենիկ Ղեւոնդյանը:
Հիշեցնենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 5–ին որոշել էր նրան ազատ արձակվել 1 մլն գրավի դիմաց:
ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել էր որոշումը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմանում, «Սդղի գյոլ»-ում տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում մի խումբ անձանց կողմից բռնություն էր գործադրվել Մուշեղ Զաքարյանի նկատմամբ։ Քննության տվյալներով՝ Յուրի Մանուչարյանը եւ Դերենիկ Հակոբյանը մի քանի այլ անձանց հետ հարվածել են Հարություն եւ Մուշեղ Զաքարյաններին, ինչի հետեւանքով Հարություն Զաքարյանը կորցրել է տեսողությունը:
Յուրի Մանուչարյանին եւ Դերենիկ Հակոբյանին հունիսի 12-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նույն օրը քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր։
Հիշեցնենք, որ քրգործի շրջանակներում կալանավորվել էր նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, որը 2 ամիս անց ազատ է արձակվել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ տուժող Հարություն Զաքարյանին վնասվածք է հասցրել Յուրի Մանուչարյանը:





























