Ցավոք, այս պահին ղարաբաղյան հակամարտության կողմերը հեռացել են իրարից։ Այս մասին հոկտեմբերի 23-ին Երեւանում Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ Միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում  ասաց ՌԴ նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով նախկին խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին մասնակից եւ համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

Նա պատմել է, որ բոլորովին վերջերս ինքը նայել է 1990-ական թթ. արված հին գրառումները, այդ թվում՝ հակամարտող բոլոր երեք կողմերի բարձրաստիճան ղեկավարների հետ ունեցած զրույցները։ «Ես մասնավորապես վեր հանեցի Հեյդար Ալիեւի հետ զրույցից արված հետաքրքիր գրառումներ։ Մի անգամ նա ասել էր, որ հակամարտությունը պետք է լուծել բացառապես խաղաղ միջոցներով։ Թվում է, թե ոչ մի առանձնահատուկ բան, բայց որքան է դա հակադրվում Բաքվի ներկայիս քաղաքականությանը։ Մեկ այլ գրառման  մեջ մեջբերում կար. «Ես պատրաստ եմ ամեն օր հաստատել հրադադարի ռեժիմը»։ Ահա Հեյդար Ալիեւի շուրթերից հնչած 2  վառ արտահայտություն»,- նշեց Կազիմիրովը։

Նախկին համանախագահին հուզում է այն  հարցը, թե Ադրբեջանի առաջնորդի այդ հրահանգները համապատասխանում են արդյոք Ադրբեջանի քաղաքականությանը։ «Ես կարծում եմ, որ պատասխանը բոլորին ակնհայտ է՝ իհարկե ոչ։ Այնքան ժամանակ, քանի միանշանակ չի սահմանվել, որ հակամարտությունը լուծվելու է բացառապես խաղաղ ճանապարհով, այդ գործընթացում քիչ թե շատ էական առաջընթացի հետ հույսեր կապել հնարավոր չէ։ Դա պարզ ճշմարտություն է։ Իմիջիայլոց, դա համապատասխանում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերի ոգուն, որովհետեւ բոլոր 4 բանաձեւերում առաջին տեղում ռազմական գործողությունները դադարեցնելն է»,- ընդգծեց Վլադիմիր Կազիմիրովը։