Արցախը շարժվում է բացառապես վերականգնվող աղբյուրների հաշվին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ավելացման ուղով, որին զուգահեռ ինտենսիվ կերպով աճում է նաեւ սպառման պահանջարկը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ստեփանակերտում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Հանդիպմանը քննարկվել են երկու հանրապետությունների էներգետիկ համակարգերի զարգացման հեռանկարներին եւ միջկառավարական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երվանդ Զախարյանը վարչապետին ներկայացրել է ՀՀ էներգետիկ համակարգի ներկա իրավիճակը եւ խնդիրները: Նա նշել է ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ռազմավարությունից բխող ծրագրերի մասին՝ ընդգծելով էներգիայի վերականգնվող աղբյուրների տված հնարավորությունները: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը մանրամասներ է ներկայացրել նաեւ ջերմաէլեկտրակայանի եւ ատոմակայանի նոր բլոկի կառուցման նախապատրաստական աշխատանքների եւ այլ միջոցառումների վերաբերյալ:
Վարչապետ Արայիկ Հարությունյանը, հյուրերին ներկայացնելով Արցախի Հանրապետության էներգետիկ համակարգի հաջողությունները, մարտահրավերներն ու ծրագրերը՝ ոլորտի զարգացման գործում կարեւորել է շարունակական ներդրումների ապահովման նշանակությունը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Արցախը շարժվում է բացառապես վերականգնվող աղբյուրների հաշվին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ավելացման ուղով, որին զուգահեռ ինտենսիվ կերպով աճում է նաեւ սպառման պահանջարկը:
«Տնտեսական խոշոր ծրագրեր ենք իրագործում, որոնք տարեցտարի մեծացնում են էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկը: Այդ պատճառով հանրապետության էլեկտրաէներգիայի ինքնաբավությունը ցանկալի մակարդակի վրա պահելու համար շարունակաբար ավելացնում ենք նաեւ նոր կառուցվող ՀԷԿ-երի քանակը: Ինչպես տեսնում ենք, ունենք զգալի հաջողություններ այս բնագավառում, իսկ հետագա ծրագրերը խոստանում են զարգացման նոր հնարավորությունների իրացում: Այդ տեսանկյունից, ողջունելի է Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ առկա համագործակցության մակարդակը, ինչը թույլ է տալիս պարբերաբար իրականացնել փորձի փոխանակում, արդիականացնել Արցախի էներգետիկ համակարգը եւ բարձրացնել դրա հուսալիության աստիճանը»,- նշել է վարչապետ Հարությունյանը:
Գոհունակություն հայտնելով կայացած հանդիպման արդյունքներից՝ երկու կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ համագործակցությունը ոլորտի զարգացման ուղղությամբ:
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԱՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը եւ ՀԾՏՄԿՀ նախագահ Լեւոն Մնացականյանը:





























