Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ուսումնասիրում է Snickers, Twix, Mars, M&M’s, KitKat և Bounty շոկոլադե սալիկների կտրուկ էժանացման պատճառները Հայաստանի շուկայում: Այս մասին այսօր` հոկեմբերի 23–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` նշելով, որ իրենք լրատվամիջոցներից են իմացել այս տեղեկությունը։

«Ուսումնասիրություն ենք սկսել, դեռ չեմ կարող ասել, թե ինչն է էժանացման պատճառը, բայց կարող եմ ասել, որ ուսումնասիրություն ենք սկսել` բացահայտելու էժանացմանը հանգեցրած պատճառները, որովհետև ներմուծողը` «ՍլավԳրուպը», խոշոր ընկերություն է»,- ասաց Արտակ Շաբոյանը` ընդգծելով, որ ընկերությունը վերջին տարիներին շուկայում ունեցել է գերիշխող դիրք։

Նշենք, որ նշված շոկոլադե սալիկները Հայաստանի շուկայում էժանացել են միջինը 50 դրամով։ Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողները մտահոգություն են հայտնել, որ էժանացման պատճառը դրանց ժամկետանց լինելն է։ Կարծիք կա նաեւ, որ սալիկներն էժանացել են շուկայում նոր խոշոր ներմուծողի հայտնվելու պատճառով։