Նույնականացման քարտեր ունեցողները պետք է իրավունք ունենան մասնակցելու ընտրություններին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նրա խոսքով, վերահսկողության մեխանիզմները պետք է լինեն այնպիսին, որ ցանկացած շեղում ունենա օրենսդրական լուծում եւ ապահովի ընտրական պրոցեսի անխափան աշխատանքը:
Դիտարկմանը, թե նույնականացման քարտերով քվեարկության հնարավորություն տալը ընտրակեղծիքների դուռ է բացում, քանի որ դրանցում նշված չէ քաղաքացու գրանցման վայրը, ինչպես նաեւ հնարավոր չէ դրանց վրա կնիք խփել, Մուկուչյանը պատասխանել է.
«Երբ քաղաքացին գալիս է ընտրատեղամաս, առաջին քայլը, որն անում է, մոտենում է հանձնաժողովի անդամին եւ ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը: Ստուգվում է նրա անուն-ազգանունը, նրա լուսանկարն են նայում, որից հետո միայն կարող է մասնակցել ընտրություններին: Այլ տեղամասերում նույն անձը չի կարող քվեարկել, որովհետեւ ցուցակները կազմվում են ընտրողների հաշվառման վայրի հիման վրա: Ցուցակները հրապարակվում են, դրանք շատ պարզ են ու հրապարակային: Մեկ քաղաքացին ներառված է միայն մեկ ցուցակում, հետեւաբար` անձը չկա մեկ այլ տեղամասի ցուցակում եւ չի կարող քվեարկել»:
Անդրադառնալով ընտրացուցակները հրապարակելու ընդդիմության պահանջին, ԿԸՀ նախագահը ընդգծել է, որ ընտրողների ստորագրած ցուցակները պարունակում են ընտրության գաղտնիություն, եւ, ըստ ընդունված միջազգային չափանիշների, այդ ցուցակները չպետք է լինեն հրապարակման ենթակա:
Պնդմանը, թե հրապարակվում է միայն քվեարկությանը մասնակցած անձի անուն-ազգանունը, ոչ թե` ում օգտին է քվեարկել, ԿԸՀ նախագահը պատասխանել է, որ ընտրություններին մասնակցել-չմասնակցելը եւս գաղտնիք է:




























