ՔԿՎ-ն հերքում է հոկտեմբերի 23-ի երեկոյան «Նուբարաշեն» ՔԿՀ դիմակավորված անձանց ներխուժելու մասին լուրերը:
ԱՆ ՔԿՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Չգիտեմ ինչու են նման լուրեր տարածել այդ ձեւով։ Ծեծուջարդ, ներխուժում չի եղել»,-ասաց նա:
Իսկ հարցին՝ ընդհանրապես միջադեպ եղե՞լ է թե ոչ, Ղլեչյանը պատասխանեց, որ այս պահին աշխատանքային ժամ չէ, ուստի չի կարող ճշտել եւ պատասխանել:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, հայտնել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արտակարգ իրավիճակ է ստեղծվել, որի մասին իրեն ահազանգել էին բանտարկյալների հարազատները:
«Տեղեկություն եմ ստացել, որ կալանավորների նկատմամբ բռնություն է գործադրվել: Մարզից զանգահարած մի ծնող ահաբեկված ասել է, որ որդու հետ խոսելու պահին հեռախոսից այնպիսի ձայներ է լսել, որ կարծել է՝ որդուն սպանում են: Տեղեկություն կա, որ կալանավայրում որոշ բանտարկյալների նկատմամբ բռնություն է գործադրվել, ինչից հետո մյուսներն իրենց բողոքն են հայտնել: Արթուր Օսիկյանի ղեկավարած վարչության դիմակավորված աշխատակիցները հարձակվել են փակված, անպաշտպան մարդկանց վրա, ջարդել, քարուքանդ արել խցերը, ինչից հետո կալանավորները սկսել են պատուհաններից անօգնական ճիչեր արձակել, խփել են դռներին, ներքնակներ այրել»,- ասել էր իրավապաշտպանը:
Ժաննա Ալեքսանյանն արդեն ահազանգել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գիծ, որտեղից արագ արձագանքման խումբ է մեկնել կալանավայր: Իրավապաշտպանի խոսքով, այս վայրագությունը ցնցել է անգամ կալանավայրում երկար տարիներ աշխատող հսկիչներին:
Կալանավորների փոխանցմամբ, 2000 թվականից հետո այսպիսի դեպք բանտում չի եղել: Ընդ որում, հարձակումը կրկնվել է երկու անգամ:





























