«Նուբարաշեն» ՔԿՀ հոկտեմբերի 23-ի երեկոյան դիմակավորված անձանց ներխուժելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, NEWS.am-ին հայտնեցին «Նուբարաշեն» ՔԿՀ -ի հանրության հետ կապերի բաժնից:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից էլ մեզ հայտնեցին, որ օմբուդսմենի ներկայացուցիչները երեկոյան այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ , մոտ 2 ժամ գտնվել են այնտեղ, սակայն ոչ մի արտառոց բան չեն նկատել:
«Օմբուդսմենի ներկայացուցիչներին դատապարտյալները որեւէ դժգոհություն չեն հայտնել, այցելության ողջ ընթացքում իրավիճակը ՔԿՀ-ում հանգիստ է եղել, որեւէ արտառոց դեպք չի նկատվել»,-ասաց օմբուդսմենի խոսնակ Շուշան Դանիելյանը:
Ավելի վաղ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը NEWS.am-ին փոխանցել էր, որ ազատազրկվածների հարազատները իրեն հայտնել են, որ «Նուբարաշեն» ՔԿՀ հոկտեմբերի 23-ի երեկոյան դիմակավորված անձինք են ներխուժել, կալանավորների նկատմամբ բռնություն գործադրվել:





























