Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան հոկտեմբերի 24-ին ՌԴ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովին պատվավոր դոկոտրի կոչում է շնորհել Հայաստանի դիվանագիտական կադրերի պատրաստման գործում ունեցած ավանդի համար:

Որոշումը կայացվել էր այս տարվա սեպտեմբերի 30-ին Հայաստանի ԳԱԱ պրեզիդիումի նիստում:

Անատոլի Տորկունովը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանի ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալը: «Հայաստանում գործում է ՄԳԻՄՕ-ի ակումբ, որի անդամները շատ ակտիվ են, բազմաթիվ միջոցառումներ են անցկացնում: Հուսամ, որ մեր ինստիտուտը հետագայում էլ կմնա դիվանագետների պատրաստման միջազգային կենտրոն»,- ընդգծել է ՄԳԻՄՕ-ի ռեկտորը:

Տորկունովին  նաեւ նվիրել են ամենահին հայկական գրքի՝ «Ուրբաթագրքի»  կրկնօրինակը:

Նշենք, որ Անատոլի Տորկունովը հանդիսանում է ՄԱԿ աջակցության ռուսաստանյան միության նախագահը: 1993թ. նրան շնորհվել էր արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչում: 2008թ.-ից Տորկունովը «ՄԳԻՄՕ-ի համալսարանի բանբեր» գիտական ամսագրի գլխավոր խմբագիրն է: