Օգոստոսի 23-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներից մեկը ժամը 04.15-ի սահմաններում, հաշվառման սրահում շրջայց կատարելիս լսել է, թե ինչպես ուղեւորները խոսում են, որ Երեւան-Մինսկ չվերթի ուղեւորուհի ոմն Հասմիկ, ուղեբեռի քաշը քիչ ձեւակերպելու համար, որոշակի գումար է տվել հաշվառման աշխատակցին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ միջոցառումներով պարզվել է, որ Հասմիկը 26-ամյա Հասմիկ Գ.-ն է:
«Զվարթնոց Հոլդինգ» ընկերության աշխատակիցներ Արսեն Կ.-ն, Տիգրան Գ.-ն եւ Արմինե Ա.-ն հրավիրվել են բաժին, որտեղ Արսեն Կ.-ն խոստովանել է, որ մի անծանոթ քաղաքացի իրեն խնդրել է Հասմիկ Գ.-ի ուղեբեռի քաշը քիչ ձեւակերպել եւ վերջինս «շնորհակալություն» կհայտնի գումարի տեսքով: Հետո Տիգրան Գ.-ն անծանոթ տղամարդուց վերցրել է 38.000 դրամ եւ փոխանցել Արսեն Կ.-ին, նա էլ Արմինե Ա.-ին ասել է, որ եթե կարող է` քիչ ձեւակերպի ավել ուղեբեռի քաշը:
Այդպիսով` Երեւան-Մինսկ չվերթի ժամանակ չի ձեւակերպվել 42 կգ կշռով ուղեբեռ, ինչի հետեւանքով «Բելավիա» ավիաընկերությանը պատճառվել է մոտ 105.000 դրամի նյութական վնաս:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Երեւան քաղաքի տրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:




























