Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նախօրեին հայտարարություն է արել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ ծավալվող իրադարձությունների կապակցությամբ: Նախագահը նշել է, որ վրացական հասարակությունը թույլ չի տա, որ Վրաստանը վերադառնա ճահիճը, որտեղից դուրս է եկել: Նա իշխանություններին խորհուրդ է տվել վարվել այնպես, ինչպես ինքը 2007թ. «Իմեդի» հեռուստաընկերության փակվելուց հետո:
«Ծանր օրեր են Վրաստանում: Մեզ նորից փորձում են ճահիճը խրել, որտեղից մենք դուրս ենք եկել: Բայց ոչինչ չի կարող սպանել ազգի սերը դեպի խոսքի ազատությունը: Մենք կհաղթահարենք դա, «Ռուսթավի 2»-ը ազատ կլինի, եւ Վրաստանն ազատ կլինի: Պետք է հիշել, որ կեղծիքով եկած ուժերը թույլ են, պետք չէ նրանցից վախենալ: Ես հավատում եմ վրացական հասարակության իմաստությանը եւ մեր երիտասարդների հայրենասիրությանն ու ազատասիրությանը: Խոսքի ազատության սահմանափակման ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:
Ժամանակին՝ իմ նախագահության օրոք, երբ ռուս օլիգարխին պատկանող հեռուստաընկերություններից մեկը մի քանի օրով փակվեց, ես հրաժարական տվեցի: Եթե նման քայլի ես գնում, դա միշտ մեծ հետեւանքներ է ունենում հատկապես իշխանության համար: Ուստի ես ոչ ոքի խորհուրդ չէի տա ձեռք տալ «Ռուսթավի 2»-ին, քանի որ այն վրացական պետականության խորհրդանիշն է՝ անկուսակցական եւ անկողմնակալ»,- մեջբերում է Սահակաշվիլիի խոսքը «Գրուզիա Օնլայն»-ը:




























