Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները այսօր՝ հոկտեմբերի 24-ին, կրկին այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ-ի գրասենյակը:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հանձնարարականով այսօր կրկին ձեւավորվել է աշխատանքային խումբ, եւ այս պահին գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
«Օմբուդսմենի ներկայացուցիչներն այսօր կրկին այցելել են ՔԿՀ երեկվա իրադարձությունների վերաբերյալ առավել օբյեկտիվ եւ բազմակողմանի պատկեր կազմելու համար»,-ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՄԻՊ խոսնակ Շուշան Դանիելյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Օմբուդսմենի ներկայացուցիչները երեկոյան այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ , մոտ 2 ժամ գտնվել են այնտեղ, սակայն ոչ մի արտառոց բան չեն նկատել:
Ավելի վաղ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը NEWS.am-ին փոխանցել էր, որ ազատազրկվածների հարազատները իրեն հայտնել են, որ «Նուբարաշեն» ՔԿՀ հոկտեմբերի 23-ի երեկոյան դիմակավորված անձինք են ներխուժել, կալանավորների նկատմամբ բռնություն գործադրվել:





























