ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին չի մտահոգում, որ Սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «Նոր Հայաստան» փրկության ճակատի անդամները երեկ՝ հոկտեմբերի 23-ին, հայտարարություն են փոխանցել Հայաստանում հավատարմագրված միջազգային կառույցներին` վերջիններին տեղեկացնելով, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հայտարարությունը սպառնալիք է իրենց հասցեին։

NEWS.am-ի հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ միջազգային կառույցների բացասական արձագանքը եւս իրեն չի մտահոգում՝ ավելացնելով, որ իր հայտարարությունը, թե ճակատի անդամների՝ օրենքի սահմաններում չտեղավորվող գործողությունների դեպքում իրավապահները համարժեք արձագանք կտան, բնավ էլ սպառնալիք չէ։

Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ «Նոր Հայաստանը» միջազգային կառույցների դիմելով կրկին սադրանքների է գնում։

«Դե, իրենք կարող են տարբեր ձեւով մեկնաբանել, եթե իրենք սպառնալիք են համարում, թող համարեն։ Բայց ես որեւէ մեկին ընդհանրապես չեմ սպառնում, ընդհակառակը՝ դատապարտել եւ այժմ էլ դատապարտում եմ, երբ մարդկանց սպառնում են։ Ինձ չի հետաքրքրում, թե նրանք ինչ են գրել։  Իրենք պարզապես առիթներ են ման գալիս.  որ սկսեն ինչ-որ մի արտառոց երեւույթ ստեղծեն, որպեսզի կարողանան լինել ուշադրության կենտրոնում, որպեսզի կարողանան հանրության ուշադրությունը շեղել Սահմանադրական բարեփոխումներից։ Մենք պրովոկացիաների չենք ենթարկվում։ Ես չեմ պատասխանալու իրենց հայտարարությանը»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

Նրա խոսքով` միջազգային հանրության հնարավոր բացասական արձագանքն իրեն չի մտահոգում. «Ձեզ ի՞նչ է թվում, պետք է թույլ տանք, որ մարդկային ինչ-որ խմբեր, կամ անհատներ վարկաբեկե՞ն երկիրը, պետությունը, պրովոկացիաներ անե՞ն, իհարկե, ոչ»։

Վահրամ Բաղդասարյանի նշեց, որ փրկության ճակատը պետք է օրենքի սահմաններում «Ոչ» ասի Սահմանադրական փոփոխությունների նախագծին, իսկ նախքան Սահմանադրական փոփոխությունների հարաքվեն անհնազանդության ակցիաներ անելու մասին «Նոր Հայաստան» փրկության ճակատի հայտարարությունը սադրանքներ են, եւ եւս մեկ անգամ պնդեց, որ հավաքների ազատության մասին օրենքով չնախատեսված գործողությունների դեպքում իրավապահները համարժեք արձագանք կտան։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ձեւավորած ընդդիմության շտաբը հոկտեմբերի 23-ին ՀՀ-ում հավատարմագրված տարբեր երկրների դեսպանատներին եւ միջազգային կառույցների գրասենյակներին հայտարարություններ հանձնեց՝ տեղեկացնելով, որ իրենց հասցեին սպառնալիքներ են հնչում իշխանությունների կողմից:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը սադրանք է որակել ճակատի՝ մարդկանց փողոց դուրս գալու կոչերը եւ նշել, որ իրավապահները ձեռքերը ծալած պետք է չնստեն:

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարել է, որ մինչեւ դեկտեմբերի 6–ը կայանալիք հանրաքվեն իշխանափոխություն են անելու, նրանք դեկտեմբերի 1-ին հանրահավաք են հրավիրել, սպասվում են քաղաքացիական անհնազանդություններ: Ճակատին են միացել «Ժառանգությունը», «Հիմնադիր խորհրդարանը», Քաղաքագետների միությունը, «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը: