ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ  հոկտեմբերի 24-ին կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը: Մհեր Սամվելի Ղազարյանը ծնվել է 1974 թվականի մայիսի 19-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղում: 1997թվականին ավարտել է Երեւանի  Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, 2003թ. նույն համալսարանի ասպիրանտուրան, իսկ 2005թ. ԵԽ-ին առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը: Մհեր Ղազարյանը 1998-2004 թվականերին աշխատել է Երեւանի 8-րդ բուժմիավորման վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքում բժիշկ-վնասվածքաբան, 2006-2009թթ. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ, 2009-2010 թթ. ՀՀ կրթության եւ գիտության նախարարի գլխավոր խորհրդական: 2010թ. նոյեմբերից  Մհեր Ղազարյանը նշանակվել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար:

Մհեր Ղազարյանը 1997-2005 թթ. եղել է «Երիտասարդ բժիշկների միություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ, 1998-2005 թթ. «Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ» ՀԿ նախագահության անդամ, 2005-2006թթ. ԱՀՌԾ կառավարման խորհրդի անդամ, 2005-2006 թթ. «Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ» ՀԿ նախագահի պաշտոնակատար եւ 2002թ. առ այսօր «Քաղաքացիական ծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ:

Պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով եւ պատվոգրով, ՀՀ պաշտպանության նախարարության   «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Ղազարյանների ընտանիքին, հարազատներին եւ բարեկամներին անդառնալի կորստի կապակցությամբ:

Մհեր Սամվելի Ղազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի  25-ին, ժամը 1800-ին Երեւանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում /Կոնդ/:

Հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին, ժամը 1300-ին Զովունի գյուղի գերեզմանատանը: