Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը հուզվել է, երբ տեղեկացել է ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանին պատժի հետագա կրումից ազատելու դատարանի որոշման մասին:

«Անկեղծ ուրախ եմ, ճիշտն ասած նաեւ հուզվեցի, երբ իմացա այդ նորությունը, որովհետեւ մենք Սողոմոնի համար բավականին աշխատանքներ էինք տանում ժամանակին: Սկսած նրա անձնական քարտի տրամադրման հարցից, որը հիմք էր տալիս թոշակի եւ այլ հարցերը լուծելու, նաեւ փորձել ենք առողջական խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ տանել: Ցավոք, այն ժամանակ մեզ չհաջողվեց ավարտին հասցնել այդ խնդիրները, շատ ուրախ եմ, որ այսօր նա ազատության մեջ է եւ հնարավորություն ունի լիարժեք զբաղվել իր առողջական խնդիրներով: Ես որպես անհատ  նույնպես ամեն ինչ անելու եմ նրան աջակցելու համար»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Մանուկյանը:

Հարցին` ինչու իր պաշտոնավարմնան ժամանակ հարցը լուծում չստացավ, Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, որ պատժից ազատելու գլխավոր չափորոշիչը առողջական վիճակն է, եւ դատարանը հիմա միայն որոշեց, որ նրա վիճակն այնպիսին է, որ ենթակա է ազատվելու։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հոկտեմբերի 22-ին, իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանին հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից  ազատելու որոշում է կայացրել: Նշենք, որ սա աննախադեպ որոշում է։ Առաջին անգամ է Հայաստանում ցմահ դատապարտյալն ազատվում պատժի հետագա կրումից:

Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ.՝Ւրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից:

Նա ներկայում գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սրտաբանական բաժանմունքում: Պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անեւրիզմա, հիվանդ է նաեւ կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա էր պատժից ազատման` համաձայն Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի: