Սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քարոզարշավը կսկսվի մեկ շաբաթից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը:
«Մոտավորապես մեկ շաբաթից մարզային այցելությունները կսկսենք: Այն կուսակցություններն ու նախաձեռնությունները, որոնք մեր ճակատում են, կմասնակցեն քարոզարշավին: Դեմ չենք, եթե այլ կուսակցություններ էլ որոշեն մասնակցել»,-ասաց նա:
Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց, որ «Ընդդիմության միասնական շտաբի» գրասենյակում տեղի ունեցած հոկտեմբերի 24–ի նիստին քննարկվել են ճակատի ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր:
«Քննարկել ենք, թե ինչ խմբեր են լինելու կազմակերպչական գործողություններն իրականացնելու համար, ասենք՝ հանրահավաքների, մեդիա հանդիպումների կազմակերպման համար, շրջանների եւ Երեւանի վարչական շրջանների ստորաբաժանումների հետ աշխատող խմբեր ենք ձեւավորել, դրանց պատասխանատուներ նշանակել եւ այլն»,-ասաց Վարուժան Ավետիսյանը:
Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին այս պահին միացել են «Ժառանգությունը», «Հիմնադիր խորհրդարանը», «Ոտքի Հայաստանը»:
Սահմանադրական փոփոխություների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6–ին։ Փոփոխված Սահմանադրությունը ենթադրում է անցում կառավարման հորհրդարանական համակարգին:




























