Տարբեր ընպելիքների մեջ պարունակվող կոֆեինը, հայտնվելով օրգանիզմում,  ունակ է ոչ միայն սթափեցնել մարդուն, այլեւ բարձրացնել նրա զգոնությունը, ինչը Քարդիֆի համալսարանի հոգեբանները դրական ազդեցություն են համարել: Նրանց տվյալներով, կոֆեինը օգնում է մարդկանց սահմանափակ ժամանակում ավելի մեծ քանակության առաջադրանք անել: Ընդ որում կոֆեին ընդունելուց հետո զգոնությունը բարձրանում է ոչ միայն հոգնածության դեպքում, այլեւ երբ մարդը նորմալ վիճակում է: Այլ կերպ ասած՝ կոֆեինը զգոնությունն ու ուշադրությունը ոչ միայն անհրաժեշտ մակարդակի է հասցնում, այլ իրոք բարձրացնում է դրանք:

Բայց կոֆեինը նաեւ բացասական ազդեցություն է թողնում: Նյութը խթանում է կենտրոնական նյարդային համակարգը՝ այդ թվում նրա կարեւորագույն օրգանը՝ գլխուղեղը: Կոֆեին պարունակող ըմպելիքները խաբում են ուղեղին՝ նպաստելով դոֆամինի ու սերոտոնինի, ինչպես նաեւ ադրենալին ու նորադրենալին հորմոնների արտադրմանը: Այդ նյութերը մասնակցում են այսպես կոչված պայքարի ռեակցիային կամ էլ օրգանիզմի փախուստին ու դրական են ազդում, երբ մարդը արտակարգ իրավիճակում է: Բայց եթե նա գրասենյակում նստած աշխատում է, ապա կոֆեինի գործածումը կարող է նրան դյուրագրգիռ եւ մտահոգ դարձնել, հայտնում է «Վոկրուգ սվետան»:

Տրամադրության այն տատանումները, որոնք սադրում է օրինակ մեկ բաժակ սուրճը, յուրաքանչյուր հաջորդ բաժակի հետ կավելանա: Կոֆեինի նույնիսկ 1 գրամի ավելցուկը այնպիսի ախտանշանների դրսեւորման պատճառ դառնալ, որոնք հնարավոր չէ տարբերել տագնապալի հոգեվիճակից, պարզել են Մեծ Բրիտանիայի Ուորիքյան համալսարանի հոգեբույժները:

Գիտնականներին նաեւ հայտնի է, որ կոֆեինի ու  դեպրեսիայի  ախտանշանների միջեւ նույնպես որոշակի կապ կա, սակայն նրանք դեռ մեկ միասնական եզրակացության չեն հանգել այն հարցի շուրջ, թե հիվանդության ընթացքի վրա կոֆեինը դրական, թե՞ բացասական  ազդեցություն է թողնում : Գիտնականների միջազգային խմբի փորձի արդյունքում ապացուցվել է, որ կոֆեինն այնպես է ազդում  ուղեղի վրա, որ դեպրեսիայի ախտանշաներ չեն դրսեւորվում, քանի որ ուղեղը սթրեսային իրավիճակին ի պատասխան՝ գործի չի դնում օրգանիզմի համապատասխան արձագանքը՝ ճնշված հոգեվիճակը:

Կոֆեինը ունակ է դեպրեսիայի դեմ պայքարել նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում, հավաստիացնում են երկարատեւ հետազոտության հեղինակները, ամերիկյան մի շարք համալսարանների բժիշկներն ու հոգեբույժները: Որքան շատ սուրճ են խմել փորձի մասնակիցները՝ այդքան նրանց մոտ ցածր է եղել դեպրեսիայի զարգացման վտանգը: