Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի անընդունելի՝ «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում բռնության սրման մասին» վերնագրով զեկույցը որեւէ արժեքից զուրկ փաստաթուղթ է, որը կփոշոտվի արխիվում: Այդ մասին   NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:  

Նրա խոսքով, ղարաբաղյան կողմն իրականում հետաքրքրված էր, որ ԵԽԽՎ-ն եւ ցանկացած եվրոպական կամ այլ կարեւոր ատյան օբյեկտիվ, անկողմնապահ, իրավիճակը խորապես արտացոլող փաստաթուղթ նախապատրաստի:  «Մենք, ըստ էության, պատրաստակամություն ենք հայտնել աջակցելու այդ գործընթացին: Մենք մեր ուղերձներով փորձել ենք աջակցել նաեւ Ռոբերտ Ուոլտերին. մենք նրան հասկացրել ենք, որ նման բովանդակությամբ եւ անվանումով զեկույցը չի կարող ընդունելի լինել: Մենք նրան ժամանակ էինք տվել փոխելու զեկույցի անվանումը, բովանդակությունը եւ փիլիսոփայությունը», - ընդգծել է Դավիթ Բաբայանը:  

Ոչինչ  չի արվել, եւ մինչեւ հիմա այդ զեկույցից խավիարի հոտ է գալիս:  «Այսինքն պարզ է, որ զեկույցն ընդամենը քաղաքական պատվեր է, որը գրվել է Ադրբեջանում՝ կամ նախագահի նստավայրում կամ ԱԳՆ-ում: Նա ինչո՞ւ էր եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Թող Բաքու գնա, այնտեղ հանդիպումներ անցկացնի, նրանց թեյը, ձկնկիթը համտեսի եւ հետո պատրաստի զեկույցը:  Կարծում եմ, որ մեր դիրքորոշումն արդար էր, ժողովրդավարական, քաղաքակիրթ, որովհետեւ մենք Ուոլտերին բազմիցս հնարավորություն տվեցինք վերանայելու զեկույցը:  Նա չարեց դա, ինչին էլ հետեւեց համապատասխան վերաբերմունքը», - հավելել է Դավիթ Բաբայանը:

Վերոհիշյալ զեկույցը, արձանագրել է նա, ամբողջական չի լինի, որովհետեւ բոլորին պարզ է, որ դա պատվեր է:  «Ակնհայտ է, որ Հայաստանի պատվիրակությունը չի քվեարկի այդ զեկույցի օգտին: Ես ավելի քան վստահ եմ, որ մի շարք այլ երկրներ եւս կամ չեն քվեարկի կամ ձեռնպահ կմնան:  Հետեւաբար դա որեւէ արժեքից զուրկ, միայն արխիվի համար նախատեսված փաստաթուղթ կլինի», - ամփոփել է Դավիթ Բաբայանը: 

Հիշեցնենք, որ 2014-ի հոկտեմբերի 1-ին ԵԽԽՎ-ի քաղաքական հարցերի կոմիտեն իր ադրբեջանամետ մոտեցումներով հայտնի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին հանձնարարել էր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույց նախապատրաստել, սակայն դրա վերնագիրն իսկ արդեն խոշոր սկանդալի եւ խիստ քննադատության առարկա է դարձել. «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավված  տարածքներում բռնության սրման մասին»: Սեպտեմբերի 15-16-ին Ուոլթերն ավարտեց շփման գծի ճանաչողական այցը ադրբեջանական իշխանությունների  վերահսկողության տակ գտնվող կողմից:  Հաղորդվում էր, թե նա կարող է ԼՂՀ մուտք գործել ադրբեջանական տարածքից, սակայն նման բան տեղի չունեցավ: 

Նախատեսված է, որ ընթացիկ տարվա նոյեմբերի սկզբին Ռոբերտ Ուոլտերը հայկական կողմի համար անընդունելի զեկույցը կներկայացնի ԵԽԽՎ-ում: