Եվրասիական տնտեսական միության երկրները վաղուց պետք է փոխադարձ կերպով ընդունեին թանկարժեք մետաղների հարգը։ Այս մասին «Մերիդիան» էքսպո կենտրոնում կայացած Yerevan Show – 2015 ցուցահանդեսի ժամանակ NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ոսկերիչների միության  նախագահ էմիլ Գրիգորյանը։

Այդ հարցը քննարկվում էր դեռ 2013թ. դեկտեմբերին, երբ Երեւան էին ժամանել ՌԴ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները։ Բայց վերջնական որոշում մինչ օրս չի կայացվել։ «Դա բարդ հարց է։ Բոլորն այն քննարկում են, բայց ոչ ոք չի լուծում։ Մեկը համաձայնում է, մյուսը՝ ոչ։ Բայց որոշումը պետք է։ Եթե մենք որոշել ենք ընդհանուր շուկա ստեղծել, ապա դա առաջնային հարց է։ Անգամ հարկային հարցերն այդքան մտահոգության տեղիք չեն տալիս»,- նշել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանում կրկնակի պիտակումը ժամանակատար է, հետեւաբար դանդաղեցնում է վաճառքը։

«Միայն 10 օր գնում է հարգը դնելու համար։ Իսկ եթե ուզում ես, որ ավելի արագ լինի, պետք է ԱԱՀ-ն վճարես հենց սահմանին։ Բնականաբար ԵՏՄ շրջանակներում մենք կցանկանայինք ավելի պարզեցված առեւտուր անել։ Չէ՞ որ դրա համար էլ այն ստեղծվել է»,- նշեց Գրիգորյանը՝ հույս հայտնելով, որ հարցը կլուծվի մինչեւ 2015թ. վերջը։