Beeline-ը մեկօրյա ուսուցողական դասընթաց է կազմակերպել «ՎիմպելԿոմ»-ի կողմից կազմակերպված «Eurasia Mobile Challenge» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի մասնակիցների համար։ «Eurasia Mobile Challenge» մրցույթն իրականացվում է «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում եւ նպատակ ունի աջակցել երիտասարդներին իրականություն դարձնել իրենց գաղափարներն օգտագործելով թվային տեխնոլոգիաները։
Դասընթացի շրջանակում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տեղական եւ միջազգային փորձագետները հանդես եկան ելույթներով թվային տեխնոլոգիաների, նորարարության եւ ձեռնարկատիրության վերաբերյալ: Թվային տեխնոլոգիաների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ նաեւ Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Դասընթացի ընթացքում մրցույթում գրանցված 50 թիմերի ավելի քան 120 ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան ներկայացնելու, փորձագետների հետ քննարկելու եւ կատարելագործելու բջջային տեխնոլոգիաների ոլորտում նոր լուծումներ առաջարկող իրենց գաղափարները:
«Eurasia Mobile Challenge» մրցույթի հայաստանյան փուլը շարունակվում է, եւ մենք ուրախ ենք այստեղ տեսնել նորարարական թարմ գաղափարներ ունեցող այսքան մեծ թվով երիտասարդներ: Այսօրվա դասընթացը ոչ միայն հնարավորություն է տալիս մասնակիցներին կատարելագործելու իրենց գաղափարները, այլ նաեւ փորձի փոխանակման յուրատեսակ հարթակ է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների համար: Ես ինքս մեծ բավականություն ստացա ներկայացման ընթացքում մասնակիցների հետ շփումից, եւ կարող եմ վստահությամբ նշել, որ մրցույթի շնորհիվ մեզ հաջողվել է նույն հարկի տակ հավաքել այն երիտասարդներին, ում ձեռքերում է գտնվում բջջային տեխնոլոգիաների զարգացման ապագան Հայաստանում եւ ամբողջ աշխարհում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Մրցույթի հաջորդ փուլում յուրաքանչյուր երկրից կընտրվի երեքական մասնակից, ովքեր կմասնակցեն Մոսկվայում կայանալիք տարածաշրջանային կիսաեզրափակիչին: Մոսկվայում հաջորդ մրցակցային փուլից հետո տարածաշրջանային կիսաեզրափակչի երեք մասնակիցներ կմասնակցեն Global Mobile Challenge մրցույթին Բարսելոնում:
1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղ զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգեւներ (համապատասխանաբար 20 000, 15 000 եւ 10 000 ԱՄՆ դոլար), սարքավորումներ եւ լիարժեք վճարվող ուղեգիր` մասնակցելու Global Mobile Challenge մրցույթին, որը տեղի կունենա Բարսելոնում` Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում, 2016 թ. փետրվարի 22-26-ը:
«Eurasia Mobile Challenge» մրցույթին գրանցվել եւ պայմաններին առավել մանրամասն ծանոթանալ հնարավոր է eurasiamobilechallenge.com կայքում: «Eurasia Mobile Challenge» մրցույթի հայաստանյան գործընկերներն են Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնը, «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը, Կենտրոնական Ասիայի Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ծրագիրը (mLab ECA) եւ HIVE-ը: Գրանցվելու վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 30-ը:





























