2015 թվականին լրանում է «BirthLink» ՀԿ-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության ութերորդ տարին: Ծրագրի նպատակն է կրճատել նորածնային մահացության եւ հիվանդացության մակարդակը՝ առողջական խնդիրներ ունեցող եւ ոչ բավարար քաշով ծնված երեխաներին պատշաճ բուժօգնություն ապահովելու միջոցով: Մինչեւ օրս ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ 600 մլն դրամ է հատկացրել Երեւանի եւ մարզերի քառասուներեք նորածնային բաժանմունքի:
Ծրագրի առանցքում նորածնային բաժանմունքների վերազինումն է եւ բուժանձնակազմի վերապատրաստումը, ինչը հնարավորություն է տալիս որակյալ բուժօգնություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող եւ ոչ բավարար քաշով ծնված երեխաներին: Ծրագրի արդյունավետության մասին են փաստում արձանագրվող արդյունքները:
Մինչեւ 2015թ. նորածնային մահացությունը վերացնելու՝ հազարամյակի զարգացման նպատակի շրջանակներում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ դեռեւս անելիքներ կան կանանց եւ նորածինների առողջության ոլորտում՝ հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհում մինչեւ հինգ տարեկան երեխաների մահացության 44%-ը կազմում են նորածնային մահացության դեպքերը: Ներկայումս հասանելի են մատչելի լուծումներ՝ երեխաներին իրենց կյանքի ամենավտանգավոր՝ լույս աշխարհ գալու օրվա ընթացքում պաշտպանելու եւ մայրերի մոտ հնարավոր բարդությունների առաջացումը կանխարգելելու համար: «BirthLink» ՀԿ-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ ծրագիրը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այդ խոցելի ժամանակահատվածում որակյալ բուժօգնության ապահովմանը: Նորածնային մահացության դեպքերի 80%-ը հնարավոր է կանխել, սակայն նպատակի իրագործման համար անհրաժեշտ է ոլորտի բոլոր բուժաշխատողների ներգրավվածությունը:
Որպես «BirthLink»-ի հետ ութնամյա համագործակցության շարունակություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գրասենյակում երկօրյա վերապատրաստում է կազմակերպել մարզերի եւ Երեւանի նորածնային բաժանմունքների նեոնատոլոգների համար: Ծրագրի նպատակն է բարձրացնել բուժօգնության եւ նորածնային խնամքի մակարդակը, ինչպես նաեւ առավել խորը պատկերացում տալ նորածնային մահացության եւ հիվանդացության մասշտաբների եւ խնդրի լուծման տարբերակների մասին: Սեմինարի ընթացքում կներկայացվի նոր՝ նորածինների տվյալների բազա ապահովող ծրագիրը, որը թույլ է տալիս վերահսկել ինտենսիվ խնամքի կարիք ունեցող նորածինների առողջական վիճակը:
Սեմինարի մասնակիցներին ողջունել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «BirthLink» ՀԿ-ի տնօրեն Քեթի Մելորը եւ Հայաստանի գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը:
«Առողջ երեխան ընտանիքի առանցքն է, իսկ ընտանիքը՝ կայուն հասարակության երաշխիքը: Կայուն հասարակությունն էլ, իր հերթին, ցանկացած երկրի զարգացման եւ առաջընթացի նախապայման է: Մենք վճռական ենք պայքարելու Հայաստանում ծնված յուրաքանչյուր երեխայի համար: Մենք ուզում ենք, որ երեխաները ոչ միայն երջանկություն պարգեւեն իրենց ծնողներին, այլեւ՝ լինեն առողջ, արժանավոր մարդիկ եւ քաղաքացիներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «BirthLink» ՀԿ-ն այս պայքարում ուս-ուսի տված օգնում են հայաստանյան բժիշկներին՝ նրանց ապահովելով ոչ միայն անհրաժեշտ սարքավորումներով, այլեւ՝ հոգեբանական աջակցությամբ՝ դժվարին, բայց եւ անգերագնահատելի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Նորածինների խնամքի պայմանների բարելավմանն ուղղված՝ «BirthLink»-ի համագործակցությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ շարունակվում է արդեն ութերորդ տարին: Հայաստանում նորածնային մահացությունը նվազում է եւ տվյալների բազայի նոր ծրագրի ներդրումը կարեւոր քայլ է այդ ցուցանիշի նվազման միտումը պահելու ուղղությամբ»,- հայտարարել է «BirthLink» ՀԿ տնօրեն Քեթի Մելորը:
ՎիվաՍել-ՄՏՍ...Դու կապ ունես:





























