ID-քարտերով քվեարկությունը Սահմանադրական հանրաքվեի համար ռիսկեր չի պարունակում։ Այս մասին հոկտեմբերի 26-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը։Նրա խոսքով, եթե համեմատենք անձնագրով քվեարկության հետ, կրկնակի չափանիշներ չեն առաջանում։

«Եթե ինչ-որ մեկը չի ցանկանում, որպեսզի իր անձնագրում քվեարկությունից հետո կնիք դրվի, նա կարող է ID-քարտ ստանալ եւ դրանով քվեարկել։ Ինքն իրենով դա կրկնակի չափանիշներ չի ստեղծի։ Պետք է ուղղակի հասկանալ, թե ինչպես է պետք դրանք բացառել առհասարակ»,- ասել է օմբուդսմենը։

Նրա խոսքով՝ հանրաքվեի ընթացքում օմբուդսմենի գրասենյակը մշտադիտարկում է իրականացնելու, որպեսզի  հասկանա, թե որքանով են արդյունավետ կրկնաքվեարկության դեմ այդ երաշխիքները։ «Մեր եզրակացությունը մենք կներկայացնենք հանրաքվեից հետո»,- եզրափակել է Կարեն Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագիծը հեղինակել են իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Արտակ Դավթյանը, Գագիկ Մինասյանը եւ Գագիկ Մելիքյանը։ Դրանով առաջարկվում է քաղաքացիներին հնարավորություն տալ քվեարկել ոչ միայն անձնագրերով, այլ նաեւ նույնականացման քարտերով՝ որպես անձնագրին լիարժեք փոխարինող անձը հաստատող փաստաթուղթ։ Ընդդիմությունը դեմ է այդ օրինագծին՝ նշելով, որ քարտով քվեարկելը կրկնաքվեարկության հնարավորություն է տալիս (քարտի վրա չի դրվում ժամանակավոր հսկիչ կնիք)։