Սիրիայում ռուսական ավիախումբը ոչնչացրել է այն գործարանը, որում ամենագնաց մեքենաների վրա խոշոր տրամաչափի գնդացիներ, ականանետներ եւ զենիթային համակարգեր էին տեղադրում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նրա խոսքով, Համայի նահանգում գտնվող Քաֆեր-Սեջինի շրջանում ավիացիոն հարվածի հետեւանքով, ամբողջությամբ այրվել է այն գործարանը, որտեղ գրոհայինները տեխնիկայի վերազինում էին իրականացնում: 

Անօդաչու սարքերն արձանագրել են գրոհայինների յոթ ամենագնաց մեքենայի ոչնչացումը:

Նա նշել է, որ Ռուսաստանի ՌՏՈՒ-ի ավիախումբը Սիրիայում վերահսկողության տակ է առել ռազմական գործողություններին հարող շրջանների ճանապարհները՝ փակելու համար ահաբեկիչների մատակարարման ուղիները: