Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին եւ հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Համանախագահները ՀՀ նախագահին ներկայացրել են այցի առաքելության շրջանակներում իրենց առաջիկա օրերի ծրագիրը, այդ թվում՝ այցելությունը Լեռնային Ղարաբաղ, այնուհետեւ՝ Ադրբեջան:

ՀՀ նախագահը կոչ է արել հետեւողական լինել Հայաստանի հետ սահմանին եւ Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետաքննության եւ դատապարտման գործում, որը Հանրապետության Նախագահի համոզմամբ, չափազանց կարեւոր է հրադադարի ռեժիմի պահպանման, դրա խախտումների բացառման տեսանկյունից: