Աջափնյակ վարչական շրջանի Սիսակյան 16 հասցեում կայացել է նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությունը: Սիսակյան 3, Նոր Արեշ 35 փողոց N127/1 եւ Արցախի փողոց 4 նրբանցքի N10/2 հանրակացարանային շենքերում տասնամյակներ շարունակ ապրող եւս 100 ընտանիք դարձավ նոր ու հարմարավետ բնակարանների սեփականատեր: Երջանիկ տանտերերին հանձնելով նոր բնակարանների բանալիներն ու սեփականության վկայականները` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը շարունակելու է մայրաքաղաքում առկա տասնամյակների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրային քաղաքականությունը:
«4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների խնդիրը մշտապես եղել է Հանրապետության Նախագահի, ինչպես նաեւ քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում, եւ մենք, կառավարության հետ համատեղ, հատկապես վերջին տարիներին այս խնդրի լուծման ուղղությամբ հստակ քայլեր նախաձեռնեցինք: Այդ քայլերի արդյունքում դեռ 2013 թվականին լուծեցինք առաջնահերթ վերաբնակեցման ենթակա 207 ընտանիքների նոր բնակարաններով ապահովելու խնդիրը: Անցյալ տարի մենք սկսեցինք եւս 4 շենքերի կառուցումը, որոնցից Մարգարյան 45 հասցեի շենքում բոլորովին վերջերս շուրջ 100 բնակարաններ հանձնեցինք մեր բնակիչներին: Ահա այսօր էլ եւս շուրջ 100 բնակարան հատկացրեցինք մեր մյուս բնակիչներին»,- ընդգծել է քաղաքապետը։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է բնակարաններով եւ բնակիչների հետ միասին գնահատել կատարված աշխատանքը: 12 հարկանի այս շենքն ունի երկու մուտք, յուրաքանչյուր մուտքում՝ երկուական վերելակ։ Երեւանի քաղաքապետարանի պատվերով շենքում կառուցվել են թվով 120՝ 1 եւ 2 սենյականոց բնակարաններ։ Նորակառույցի սեյսմակայունությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետությունում գործող չափորոշիչներին, ունի հաշմանդամների եւ բնակչության սակավաշարժ խմբերի համար նախատեսված թեքահարթակներ։ Բնակարաններն անհատական ջեռուցման համակարգով են եւ բնակիչներին են հանձնվում էկոնոմ դասի նորոգված եւ պատրաստ վիճակում։





























