«Վանաձոր–Քիմպրոմ» գործարանի ձեռքբերմամբ հետաքրքրվողներ կան։  Այս մասին այսօր հոկտեմբերի 26–ին,  լրագրողների հետ հանիպմանը հայտնել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։

«Այդ մասով դեռ բանակցությունների մեջ ենք, չի բացառվում, որ նոր սեփականատեր հայտնվի, չնայած այն դժվարություններին, որի առաջ «Քիմպրոմն» այսօր կանգնած է: Համենայն դեպս, բանակցություններն ընթացքի մեջ են, միառժամանակ հետո ես ավելի մանրամասն կտեղեկացնեմ, թե «Քիմպրոմին» ինչ ճակատագիր է սպասվում: Բայց որ որոշակի աշխատանքներ իրականացվում են, և մի քանի ֆիզիկական անձեր ու կազմակերպություններ հետաքրքրված են, փաստ է»,– ասել է մարզպետը` չնշելով հնարավոր գնորդների անունները։

Հոկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցությունից հետո քիմպրոմցիներին վճարվել է երկու ամսվա աշխատավարձը: Գործարանը դեռ 8 ամսվա աշխատավարձ է պարտք աշխատողներին:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել էր «Վանաձոր-քիմպրոմ» ՓԲԸ բաժնետերերի հետ քննարկել մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը աշխատավարձերի գծով ընկերության պարտքերի ամբողջական մարման ժամանակացույցը՝ միաժամանակ առաջարկություններ մշակելով առկա արտադրական հզորությունների հետագա օգտագործման կամ, անհրաժեշտության դեպքում, վերապրոֆիլավորման ճանապարհով ձեռնարկության հիմնական գործունեությունը վերսկսելու հնարավորության վերաբերյալ: