Ի հեճուկս բազմաթիվ հետազոտությունների, որոնք հիմնավորում են բազմակնության (պոլիգամիա) վնասակարությունը կանանց եւ երեխաների համար (դրանք աճում են աղքատության եւ հաճախակի մահերի պայմաններում) ամերիկացի եւ բրիտանացի մարդաբանները հայտնաբերել են, որ բազմակնությունն իրականում օգտակար է կանանց համար:

Բազմակնությունը հանդիպել է հին հասարակությունների 80 տոկոսում, բայց հիմա այն հիմնականում պահպանվում է Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրներում: Գիտնականները համաձայն են, որ տղամարդկանց համար նման ամուսնությունն օգտակար է՝ նրանք ավելի շատ սերունդ են տալիս, քան մեկ կին ունեցող տղամարդիկ: Կանանց համար բազմակնության օգտակարության եւ վնասակարության մասին հարցին պատասխանելու համար ամերիկացի մարդաբանները համեմատել են երկու տիպի (մոնոգամ եւ պոլիգամ) ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակները հյուսիսային Տանզանիայի 56 գյուղերում:

Ամփոփելով տվյալները, գիտնականները պարզել են, որ բազմակնությունը կապված է պարենային անվտանգության ցածր մակարդակի (սովի վտանգ) եւ երեխաների վատ առողջության հետ: Սակայն այդ օրինաչափությունը կարելի է բացատրել նաեւ նրանով, որ բազմակնությունը առավել հաճախ հանդիպում է աղքատ գյուղերում (այլ պատճառներով), հաղորդում է  Lenta-ն:

Երբ համեմատել են նույն գյուղի մոնոգամ եւ պոլիգամ ընտանիքները, պարզվել է, որ պոլիգամ ընտանիքներում ուտելիքն ավելի շատ է եղել, իսկ երեխաներն էլ ավելի առողջ: Բացի այդ, պոլիգամ ընտանիքներն ավելի հարուստ են եղել անասուններով եւ ավելի շատ հող են մշակել:

Սա նշանակում է, որ բազմակնությունը ծառայում է կանանց ռազմավարական շահերին (հասարակություններում, որտեղ նրանք նյութապես կախված են տղամարդկանցից եւ ինքնուրույն չեն վաստակում):