Հայաստանի ոստիկանությունը հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների նախնական ցուցակները՝ ըստ տարածքների եւ հանրաքվեի տեղամասերի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում: Դրանք տեղադրված են նաեւ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: 

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) մինչեւ դեկտեմբերի 1-ը դրանք վերացնելու համար կարելի է դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն:

Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ քան մինչեւ դեկտեմբերի 2-ը բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կկատարի անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:

Ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 27-ից ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում գործում է Թեժ գիծ ծառայություն` 010-37-02-36 հեռախոսահամարով: