Եվրամիությունը չի կարող Հայաստանին խորհուրդ տալ, թե կառավարման որ համակարգը նա պետք է ընտրի, բայց մենք հավատում ենք, որ ցանկացած համակարգում միշտ տեղ է մնում որոշակի առաջընթացի համար։ Այս մասին հոկտեմբերի 27-ին «Սահմանադրական փոփոխությունների գործընթացը եւ առաջարկվող կառավարման  համակարգի առանձնահատկությունները» թեմայով հանրային քննարկման ժամանակ, ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերով խորհրդական Անդրեա Խալուպովան։

Նրա խոսքով՝ շատ կարեւոր է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անցկացման բաց եւ թափանցիկ գործընթացը։ «Եվրամիությունը ուշադիր հետեւում է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացին։ Մենք այդ փոփոխությունների բովանդակության եւ այդ գործընթացի մասին քննարկումների կարիք ունենք։ Մենք կարծում ենք, որ շատ կարեւոր է կենտրոնանալ զսպման եւ հակակշիռների մեխանիզմների վրա»,- ընդգծել է Խալուպովան եւ հիշեցրել, որ ԵՄ-ն պաշտպանում է Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը։

«Բայց միաժամանակ մենք նաեւ բարձրացնում ենք մեզ հուզող հարցերը, օրինակ, ընտրության իրավունքի, ընտրական համակարգի, խորհրդարանական խմբակցությունների, դատախազության, Օմբուդսմենի ինստիտուտի դրույթներին վերաբերող հարցերը»,- նշել է Անդրեա Խալուպովան։

Նրա կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացը պետք է ներառական լինի։

«Եթե նոր Սահմանադրությունն ընդունվի, ապա պետք է ընդունվեն նոր օրենքներ, մասնավորապես նոր Ընտրական օրենսգիրք՝ հիմնված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մշակած սկզբունքների վրա։ Ինչ վերաբերում է դեկտեմբերի 6-ի հանրաքվեին, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը եւ ԵՄ անդամ երկրները ուշադիր հետեւելու են դրա անցկացման ընթացքին։ Որպեսզի արդյունքը վստահելի լինի, գործընթացը պետք է թափանցիկ լինի»,- հավելել է Հայաստանում ԵՄ պատվիրակության խորհրդականը։