Պետական բուհերի ռեկտորները դեմ են սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող  «Ոչ»-ի ճակատի այն մտադրությանը, որ պատրաստվում են դիմել ռեկտորներին՝ բուհերում «Ոչ»-ի հիմնավորումները ներկայացնելու հնարավորություն ստանալու։ Այս մասին մի քանի  բուհի ռեկտորներ հայտնեցին NEWS.am-ի հետ զրույցում։

«Ես ունեմ  նախարարության դիրքորոշումը, որ բուհերում արգելված է քաղաքական քարոզը»,- NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Երեւանի պետական բժշկական համալսարանի  ռեկտոր Միքայել Նարիմանյանը։

Հարցին, թե  այդ «դիրքորոշումը»  տարածվելո՞ւ է «Այո»-ի քարոզի  վրա, ռեկտորը պատասխանեց. «Ո՞վ է անում քարոզ, ես չգիտեմ , համենայնդեպս, ես բուհի ներսում քարոզ չեմ անում։ Ընդհանրապես բժշկական մասնագիտությունը դա քաղաքականացված մասնագիտություն չի, բժիշկներն ուրիշ գործեր ունեն, բժշկում են»։ 

Երեւանի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը մեզ հետ զրույցում  հիշեցրեց բուհերում քաղաքական միջոցառումներ անցկացնելու «կարգը»։

«Դուք լավ գիտեք՝ բուհում քաղաքական որեւէ միջոցառում չի անցկացվում, ոչ «Ոչ»-ի, ոչ «Ոյո»-ի» համար»,-ասաց Կորյուն Աթոյանը։

Հարցին, թե մերժելո՞ւ է սահմանադրական փոփոխությունների դեմ  պայքարող «Չեք անցկացնի»-ի դիմումը, պատասխանեց. «Բուհում քաղաքական որեւէ միջոցառում չի անցկացվում, էդքան բան»։ Կորյուն Աթոյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ եթե հայտնի դառնա, որ ՀՀԿ-ականերից կազմված ուսխորհուրդը «այո»-ի քարոզ է անում, նույն եռանդով կարգելի՞։  «Եկեք եթեներով չխոսենք, էդքան բան»,-սահմանափակվեց Աթոյանը։

Ագրարային համալսարանի ռեկտոր  Արշալույս Թարվերդյանը  հորդորեց  եւ «Այո»-ի, եւ «Ոչ»-ի քարոզարշավն անցկացնել  բուհի պատերից դուրս. «Համալսարանի պատերի մեջ որեւէ քննարկում քաղաքական թեմայով ոչ «Քյո»-ին, ոչ  էլ «Ոչ»-ին հնարավորություն չի տրվելու, ես կատեգորիկ դեմ եմ»,-հայտարարեց ռեկտորը՝ մեջբերելով կրթության մասին օրենքի համապատասխան դրույթը. «Բուհերը ապաքաղաքական կառույցներ են, նման քննարկումները պատերի մեջ արգելվում է։ Դասերից ու աշխատանքից հետո խնդրեմ, թող գնան որտեղ կուզեն մասնակցեն, համակրեն, իրենց գործն է։  Դրսում քարոզարշավի մասնակցությանը բացարձակ հանգիստ եւ նորմալ եմ վերաբերում»։

Թարվերդյանը  հավաստիացրեց, թե «Այո»-ի քարոզարշավին էլ է կտրուկ դեմ։  «Ուսանողները, դասախոսները ազատ են իրենց դիրքորոշման մեջ, բացարձակ։  Քարոզարշավ բուհի պատերի մեջ՝ լսարան, կաբինետ, միջանցք, դա բացառվում  է։ Եթե նախաձեռնությունը դիմի,  հիմք ընդունելով Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին օրենքի համապատասխան դրույթը՝ «Այո»-ն էլ,  «Ոչ»-ն էլ կմերժվեն»։

Հիշեցնենք, որ «Չեք անցկացնի» նախաձեռնությունը հոկտեմբերի 30-ի հանրահավաքից հետո պատրաստվում է դիմել  ռեկտորներին՝ հնարավորություն ստանալ բուհերում սահմանադրական փոփոխություններին «Ոչ» ասելու հիմնավորումները ներկայացնելու։ 

Ի դեպ Երեւանի պետական համալսարանում «Այո»-ի քարոզարշավը ակտիվորեն ընթանում է։ Համալսարանում հանդիպումներ են կազմակերպվում ուսանողների հետ  եւ քննարկվում  նոր Սահմանադրության նախագիծը ։