Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի անդամակցությունը հնարավոր է: Հոկտեմբերի 27-ին «Երկխոսություն» միջազգային մամուլի կենտրոնի կազմակերպած ինտերնետային մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի վերլուծաբան Կոնրադ Զաշթոֆթը՝ անդրադառնալով ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հեռանկարներին ու իրադարձությունների նման զարգացման հնարավորությանը՝ առանց ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման:
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով այդ քայլն ընդամենը կհանգեցնի Բաքվի ու Վաշինգթոնի, Բաքվի ու Բրյուսելի միջեւ հարաբերությունների հետագա սառեցմանը: «Քիչ հավանական է, որ Ադրբեջանն իրոք ինտեգրվի ԵՏՄ-ին, սերտ համագործակցելով միության անդամ երկրների հետ: Ավելին ՝ նույնիսկ կազմակերպության ներկա անդամների ինտեգրման գործընթացը միանգամայն խնդրահարույց է»,- հավելել է Կոնրադ Զաշթոֆթը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ադրբեջանի տնտեսության ու արդյունաբերության փոխնախարար Սեվինջ Հասանովան ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ Ադրբեջանը հնարավոր է համարում իր մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:





























