Հարավային Կարոլինայի բնակիչ, նախկինում դատված Բրենթ Նիկոլսոնի տանը այնպիսի սպառազեն են հայտնաբերել, որով կարելի է մի ամբողջ բանակ զինել: Guns.com պորտալը տեղեկացնում է, որ ոստիկանները հոկտեմբերի 23-ին նրա մոտ խուզարկության են եկել, սակայն հոկտեմբերի 26-ի դրությամբ դեռ չէին ավարտել առգրավված զենքի հաշվումը: Իրավապահների մոտավոր գնահատականներով, Նիկոլսոնը 7-ից 10 հազար փող զենք էր հավաքել:
Ոստիկանությունը տանը ավելի քան հազար միավոր հրազեն է հայտնաբերել, արբալետներ, կենդանիների խրտվիլակներ եւ այլն: Օրինախախտին պատկանող տարածքում այլ շինությունների, ինչպես նաեւ նրա ծնողների տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել է եւս մի քանի հազար միավոր զենք, մոտ 500 էլեկտրական սղոց ու բազմաթիվ փամփուշտներ, տեղեկացնում է Warspot-ը:
Չեսթերֆիլդ շրջանի շերիֆ Ջեյ Բրուքսը պատմել է, որ իր ծառայության երեսուն տարվա ընթացքում օրինախախտների մոտ երբեք հիսուն հրացանից ավելի չի հայտնաբերվել: Շերիֆի խոսքով, Բրենթ Նիկոլսոնից առգրավված սպառազինությունը լրիվ կարող է հավակնել համաշխարհային ռեկորդ կոչվելու:
Ոստիկանները լրագրողներին պատմել են, որ Բրենթ Նիկոլսոնին պատկանող տարածքից հանվել է չորս տրակտոր՝ լեփ-լեցուն կցասայլերով, եւ սա հայտնաբերված զենքի փոքր մասն է ընդամենը:
Իրավապահները Նիկոլսոնին կասկածում են գողացված զենքի գնման մեջ, ընդ որում համարում են, որ նա հազիվ թե վերավաճառած լինի զենքը: Ամենից հավանականն այն է, որ նա ուղղակի գողերից գնել է զենքը եւ պահեստավորել իր տանը:





























