Ադրբեջանի ԵՏՄ-ին անդամակցումը բացառապես Հայաստանի հաշվին է լինելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` նշելով, որ, եթե Ադրբեջանն ու Ռուսաստանը, կամ Ռուսաստանն ու Թուրքիան մտերմանում են, դա տեղի է ունենում Հայաստանի հաշվին:
«Նմանատիպ դեպքերի ականատես եղել ենք նաեւ Արցախյան պատերազմի սկզբնական շրջանում, երբ Ադրբեջանի հաջողությունները պայմանավորված էին Խորհրդային Ռուսաստանի, հետագայում Ռուսաստանի աջակցությամբ: Որպես օրենք, եթե Ադրբեջանն ու Ռուսաստանը, կամ Ռուսաստանն ու Թուրքիան մտերմանում են, դա անպայմaն տեղի է ունենում Հայաստանի հաշվին»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարարի տեղակալ Սեվինջ Հասանովան ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը հնարավոր համարում է Եվրասիական տնտեսական միությանը միանալու հնարավորությունը:
Սեվինջ Հասանովան ընդգծել էր, որ նախ եւ առաջ անհրաժեշտ է վերլուծել նման կազմակերպություններին մասնակցության պլյուսներն ու մինուսները, մանրամասնորեն գնահատել Ադրբեջանի մասնակցությունը:





























