Այժմ օրակարգում Եվրամիության եւ Հայաստանի միջեւ ասոցացման պայմանագիր չկա, սակայն դա ցանկացած պահի կարող է պատահել:  Այդ մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնում «Միջազգային «Երկխոսություն» մամուլի ակումբ նախագծի շրջանակում տեղ ի ունեցած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ասել է  Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի վերլուծաբան Կոնրադ Զաշթոֆթը՝ գնահատելով հայկական փոխլրացնող քաղաքականության եւ Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրման հեռանկարները:

Լեհ վերլուծաբանի համոզմամբ Եվրասիական տնտեսական միությունն այնքան էլ լավ չի գործում, ինչը բավականին վնաս է հասցնում Հայաստանի տնտեսությանը:   «Լրիվ հնարավոր է, որ ի վերջո ԵՄ-ն հանգի այնպիսի որոշման, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի ձեւական ներկայությունը խոչընդոտ չէ համագործակցության եւ ինտեգրացիայի խորացման համար: Բայց դա կարող է տեղի ունենալ այն դեպքում միայն, եթե Ռուսաստանի իշխանությունը որոշի վերջ դնել Արեւմուտքի հետ քարոզչական պատերազմին եւ Ուկրաինայում ագրեսիվ գործողություններին:   Բայց, դժբախտաբար, մոտ ապագայում դրանք քիչ հավանական տարբերակներ են, որովհետեւ Կրեմլը Արեւմուտքին միշտ որպես թշնամական կերպար է օգտագործել Ռուսաստանում իր իշխանությունն ամրապնդելու համար», - նշել է Կոնրադ Զաշթոֆթը:    

Հիշեցնենք, որ Հայաստանը 2013-ի նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովին չստորագրեց Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը, որովհետեւ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային, այնուհետեւ՝ Եվասիական տնտեսական միությանը անդամակցելու մասին: