Անհրաժեշտ է քննարկել սահմանադրական հանրաքվեին ID քարտերով քվեարկության ռիսկերը: Այդ մասին հոկտեմբերի 27-ին խորհրդարանում հայտնել է  «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ Ընտրական օրենսգրքում եւ «Նույնականացման քարտերի վերաբերյալ» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում:  

 Նա նշել է, որ հանրաքվեից մեկ ամիս առաջ նման օրենք ներդնելը ծայրաստիճան անհարմար է, որովհետեւ տեղում ընտրական հանձնաժողովները չեն հասցնի սովորել հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6-ին դրանց կիրառության ձեւերը: 

«Մյուս կողմից, մեզ մոտ արդեն հարյուր հազարավոր մարդիկ  ID քարտեր են կրում: Եթե նրանց արգելենք քվեարկել, իրավահավասարությունը կխախտվի», - ասել է նա:

Օրենքի նախագծի հեղինակ, պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն իր հերթին հավելել է, որ երկրի 558 հազար բնակիչ արդեն  ID քարտ ունի: 

Հաշվի առնելով, որ կրկնակի քվեարկությունը բացառող վերահսկող կնիքը (որը ցնդում է օրվա վերջին) հնարավոր է դնել միայն անձնագրում, այնինչ վերահսկել անհրաժեշտ է բոլորին, Զոհրաբյանն առաջարկել է մատները թանաքոտելու հնարավորությունը:  

Սահակյանն իր հերթին նշել է, որ թանաքը կարող է փոխանցվել այլ մարդկանց հետ շփման ընթացքում, դա կնշանակի նրանց համար անհարմարություններ ստեղծել: Բացի այդ, այդ թանաքը հեշտորեն մաքրվում է բենզինով կամ ացետոնով: 

«Դրա համար էլ մենք միշտ նախընտրել ենք անձնագրում դրվող կնիքը, բայց պատրաստ ենք վերահսկողության հնարավոր տարբերակներ քննարկել», - հավելել է նա: