Վոլգոգրադի մարզի Կամիշին քաղաքի բնակիչը մուրճով ծեծել է զոքանչին եւ նրանից վերցրել իր 3 տարեկան դստերը: ՆԳՆ տարածքային վարչության տեղեկացմամբ, հոկտեմբերի 27-ին կինը ոստիկանության հերթապահ մասում հաղորդել է, որ 39-ամյա փեսան իրեն մարմնական վնասվածքներ է հասցրել, վերցրել թոռնիկին եւ մեկնել անհայտ ուղղությամբ:
Նրանց գտնվելու վայրն արագորեն պարզվել է: Երբ ոստիկանները մոտեցել են ավտովերանորոգման կետին, որտեղ թաքնվել է տղամարդը, նա իրավապահների ուղղությամբ պայթուցիկ սարքեր է նետել, ենթադրաբար՝ նռնակ:
Ոստիկաններից մեկն ու երեխան վիրավորվել են ու տեղափոխվել հիվանդանոց: Երկրորդ ոստիկանը տղամարդուն ոտքից վիրավորել է: Վիրավորների կյանքից վտանգ չի սպառնում: Իսկ տարեց կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է. մուրճով ստացած 14 հարվածի հետեւանքով նա գանգուղեղային վնասվածք է ստացել:
Lenta.ru-ի փոխանցմամբ, կասկածյալը ձերբակալված է: Ենթադրվում է, որ տղամարդը հանցագործությունը կատարել է այն բանից հետո, երբ կինը նրան հաղորդել է ապահարզանի մտադրության մասին:




























