«Բարգավաճ Հայաստան» կուսակցության  ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, որը ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի հետ սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի ճակատում է, դեկտեմբերի 6-ին սպասվող հանրաքվեի նկատմամբ վստահելիությունը բարձրացնելու ուղիներ է փնտրում։ 

«Հարցն այսօր բարձրացվել է մեր խմբակցությունում, քննարկվել է, որ ե՛ւ նույնականացման քարտ,  ե՛ւ սովորական անձնագիր ունեցողների համար միատեսակ լուծում պետք է գտնվի։ Ես այն ժամանակ էլ մտավախություն ունեցել եմ, որ օքսիդացող թանաքը հեշտ կարելի է ջնջել, իմ անձնագրից, օրինակ, տասը րոպե անց անհետացել է։  Այն, որ հարցին ինչ-որ լուծում պիտի լինի հանրաքվեի անցկացման հանդեպ վստահելիությունը բարձրացնելու համար, դա միանշանակ է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ Զոհրաբյանի` ընտրակեղծիքների ռիսկերն ամբողջությամբ չեզոքացնելը հնարավոր չէ, կգտնվեն այդ ամենը շրջանցելու ճանապարհներ, քանի դեռ չկա ազատ արդար ընտրություններ անցկացնելու կամք։

Հարցին, թե գտնվելով «Այո»-ի ճակատում՝ պատրա՞ստ է ընտրատեղամասերում պայքարել հնարավոր ընտրակեղծիքների դեմ ու բարձրաձայնել դրանց մասին, ինչպես 2012-ի ընտրություններին, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես միշտ էլ ցանկացած անօրինականության դեմ խոսել եմ ու խոսելու եմ, անկախ նրանից` կլինենք ընդդիմություն, թե ոչ, կլինենք իշխանություն, թե երբեւէ չենք լինի իշխանություն։ Դա երբեւէ չի ազդել իմ քաղաքացիական դիրքորոշման վրա»։

Զոհրաբյանը շեշտեց, որ ընտրակեղծիքների դեմ պայքարի օպտիմալ տարբերակներից մեկը  ընտրատեղամասերում վերահսկողություն իրականացնելն է։